– Էհե՜յ,
Ով քնած է՝արթուն կացեք.
Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,
Ով թամբեր է՝զենքե՛ր կապեք,
Ով կապեր է՝ էլե՛ք, հեծե՛ք...
Ո՜վ, Հայ մարդ,
ո՜վ, Հայ ազգ, թոթափի՛ր և հեռացրու՛ քեզանից անհատական և հավաքական անկարողության և թերարժեքության բարդույթը, որով պարուրվել ես միամտաբար՝ չհավատալով սեփական ներուժիդ և զորությանդ, ապավինելով այլոց ողորմածությանը: Դու անհատաբար և հավաքական միասնությամբ՝ Հայստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի, ընդունակ ես արժանապատվորեն պաշտպանելու քո Հայրենիքը, քո Տունը, քո բազմադարյա Հարստությունը և Գալիք սերունդների պատիվը և հերոսաբար ընթանալու դեպի քո մեծ Երազանքը:
Թույլ մի՛ տա, որ մարեն այդ Երազանքի առկայծումները:
Մի՛ խաբվիր՝ ակնկալելով օտարի օգնությունը:
Մի՛ խաբվիր պատեհապաշտների խմբավորումների խոստումներին:
Ապավինի՛ր քո ուժերին, քո գիտակցական ընկալումներին: Տուրք մի՛ տա խեղճության, թուլության, անտարբերության ախտերին: Վանի՛ր քո մեջ բույն դրած «Հայի վերջին խելք»-ի կամ «Դանակը ոսկորին հասցնել»-ու տկար ու անպտուղ հոգեբանությունը, որը տանում է հաշտվողականության, անտարբերության, ի վերջո, պարտվողականության:
Հետո ուշ կլինի:
Մենք, միայն մենք, յուրաքանչյուրս առանձին և բոլորս միասին, մեր հավաքական ուժի կենտրոնացմամբ, մեր ազգային արժեքների անմնացորդ նվիրումով կհասնենք բաղձալի ՀԱՂԹԱՆԱԿԻՆ՝ ընդդեմ ներքին և արտաքին թշնամու, և կպահպանենք մեր ազգային և պետական ինքնությունը, կշարունակենք կրել Հավերժի Ճամփորդի Մեր Սրբազան Խաչը դեպ իրական փառավոր ԱՊԱԳԱ...
Դավիթ ՍԱՐԳԱՍՅԱՆ